ՄԱԿ-ում կոչ են արել շտապ բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը  կարծում է, որ Լաչինի միջանցքով պետք է հրատապ ապահովվի ազատ և անվտանգ տեղաշարժը, և բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Այս մասին ասվում է գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի Twitter-ում, գրում է ТАСС-ը։
 

«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). կոչ ենք անում կողմերին լուծել առկախ խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակիչների համար հումանիտար բացասական հետևանքներից», - նշվում է հայտարարությունում:
 

Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Բաքուն հայտարարել է, որ բողոքի ակցիայի նպատակը ոչ մի ճանապարհ փակելը չէ, և քաղաքացիական մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել երկու ուղղություններով։
 

Երևանը սա համարեց Բաքվի կողմից սադրանք, որն ուղղված է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն։ Ինչպես կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը, շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի պակաս է սկսվել։

Քաղաքականություն

Պատահարներ