Ռեգիոնում առկա խնդիրները չեն կարող լուծվել առանց Իրանի

 Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասե Քանանին հայտարարել է, որ Իրանը ռեգիոնալ ազդեցիկ երկիր է եւ ռեգիոնում առկա խնդիրները չեն կարող լուծվել առանց Իսլամական Հանրապետության մասնակցության։ Այս կերպ նա արձագանքել է Իրանի՝ ռեգիոնում ունեցած դերակատարության մասին Ամմանում գումարված Բաղդադյան երկրորդ կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորումը չի նպաստելու ռեգիոնում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը։ Քանանին նկատել է, որ խոսքը առհասարակ արաբական եւ իսլամական աշխարհի՝ եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում նկատվող նորմալացման տենդենցներին է վերաբերում։

 

Սրան ի հակառակ, Քանանին ընդգծել է, որ պաղեստինյան ժողովուրդը սպասում է, որ իսլամական եւ արաբական աշխարհը գործուն քայլեր կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի կարծիքով Արեւմուտքը Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումներին միջամտելիս՝ «պարտվող ձիու վրա է խաղադրույք կատարել» եւ սխալվել է իր հաշիվներում։ Եւ ի վերջո, Թեհրանից վերստին հայտարարել են, որ Իսլամական Հանրապետությունը չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին եւ հերքում է ուկրաինական իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ