Արցախում հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ հայտարարություն

Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Այս  մասին ասված է Արցախի կառավարության տարածած հայտարարության մեջ:

 

«Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

 

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

 

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

 

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ