Հանքի, թե՞ հողի կռիվ. ինչու են զինված անձինք կրակ բացել Օթևան համայնքում

 Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթևան (Բայսզ) գյուղի բնակինչերը ահաբեկված են, քանի որ դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը անհայտ անձը կամ անձիք կրակ են բացել համայնքապետարանին պատկանղ տնակի վրա։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ կրակոցների հեղինակները կապված են ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։ Շրջանառվում է երկու վարկած` գյուղում հանք բացելու հարցն է կամ հողակռիվ: 

 

Հանքի, թե՞ հողի կռիվ. գանք հերթով

 

 Auroranews.am-ը կապ հաստատեց գյուղի բնակիչներ Սուտո Շամոյանի և Բրո Ֆատոյանի հետ: Նրանք, բացի գյուղի բնակիչ լինելուց նաև դեկտեմբերի 26-ին նշանակված արոտավայրի մրցույթի մասնակիցներն են: Վերջիններս պատմեցին, որ նշված օրը գյուղն ահաբեկված էր:

 

 «Կեսգիշերն անց հնչեցին կրակոցներ. Մեկ-երկուսը չէր, կարող եմ ասել, որ տասնյակից ավելի կրակոցներ են հնչել: Գնացինք, էլ ոչ ոք չկար: Կրակել էին ոչ միայն համայնքապետարանին պատկանող տնակի, այլ նաև շրջակա լուսավորությունն ապահովող լույսերի վրա, ինչի հետևանքով տարածքը հոսանքազրկվել էր»,- ասաց Սուտո Շամոյանը: Բնակիչը կատարվածում միտում է տեսնում. «Գյուղում նման բան չէր եղել, ուզում են վախեցնել համայնքապետին, որ հողի մրցույթը չեղարկի: Համայնքում կա հող, որի համար մրցույթ է հայտարարված: Այդ մրցույթին դիմել եմ նաև ես` անասնագոմ կառուցելու նպատակով: Կրակոցները եղան մրցույթի նախորդ գիշերը, մրցույթը չեղարկվեց»,- ասաց Շամոյանը: 

 

Բրո Ֆատոյանը, որը մրցույթին մասնակցելու համար դիմած մյուս քաղաքացին է, հաստատում է. «Կրակոցները դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերն են եղել, իսկ հողի մրցույթը նշանակված է եղել հենց դեկտեմբերի 26-ին»: 

 

Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներն արձակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մտերիմները, ովքեր գյուղում հանք են ուզում շահագործել: Հարցին, թե ի՞նչ կարող է ասել այս մասին` Բրո Ֆատոյանը վստահորեն ասաց. «Հանքի մասին խոսակցություններ եղել են դեռ գարնանը, ինչին գյուղի բնակիչները մի քանի անգամ դեմ են արտահայտվել: Համայնքում հնչած կրակոցները հանքի հետ կապված չեն: Խնդիրը արոտավայրի մրցույթ է եղել»: Հարցին` ի՞նչ կապ ունեն հանք շահագործել ցանկացողները իշխանության կամ հենց պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, պատասխանեց. «Ունեն, մեծ կապ ունեն: Չգիտեմ՝ բարեկամ են, թե՞ մտերիմ, բայց վկաներ կան, որոնք փաստում են, որ Թովմաս Մարտիրոսյանին զանգել է Ռուստամ Բաքոյանն ու ասել՝ գնա բողոքի հողի մրցույթի անցկացման համար: Թովմասը մի քանի հոգով գնացել է մարզպետարան ու բողոքել, որ մրցույթ չկայանա»,- ասաց Ֆատոյանը: Մեր ճշգրտող հարցին՝ ինչպե՞ս կարող է պնդել, որ Բաքոյանն է զանգել ու ասել` պատասխանեց, որ հենց ինքը` Թովմասն է ասել: 

 

Auroranews.am-ը կապ հաստատեց նաև Օթեւանի համայնքապետ Մրազ Միրոյանի հետ: Գյուղապետն ասաց, որ կրակոցների մասին իրեն ահազանգել են բնակիչները. «Գիշերը ես գնացի դեպքի վայր, օրինապահ մարմինների ներկայացուցիչներն էլ եկան ու արձանագրեցին կատարվածը: Կրակողները ինքնաձիգից են կրակ բացել»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ քննություն է գնում, դեռ որևէ տեղեկություն չկա: 

 

Հարցին, թե ո՞ւմ ձեռքի գործը կարող է լինել կամ ի՞նչ միտում է տեսնում կատարվածում, համայնքապետը պատասխանեց. «Կոնֆլիկտ չեմ ունեցել ոչ մեկի հետ, անօրինական ոչինչ չի արվում ու չեմ հասկանում, թե ինչ միտումով է այս սխալ քայլն արվել»: 

 

Auroranews-ի հետ զրույցում գյուղապետը ևս խոսեց հողատարածքի մրցույթի մասին: «Մրցույթը չեղարկվեց, որովհետև ես ոստիկանությունում էի` կապված գիշերը կատարվածի հետ: Նա նաև նշեց, որ մրցույթի հետ կապված նույն օրն (դեկտեմբերի 26-ին) իրեն զանգել են մարզպետարանից և ասել, որ մրցույթ անցկացնել չեն կարող, քանի որ Ազդարարում տեղադրված հայտարարության հետ կապված խնդիր կա»,- նշեց նա։ Միրոյանը նաև նշեց, որ մրցույթ, այնուամենայնիվ, կանցկացվի: 

 

Հատկանշական է, որ համայնքապետ Մրազ Միրոյանը ևս տվեց Բրո Ֆատոյանի հիշատակած անձի` Թովմաս Մարտիրոսյանի անունը: Նա նշեց, որ հողատարածքի մրցույթով հետաքրքրված է եղել նաև հիշատակված անձը: «Թովմաս Մարտիրոսյանը դիմել է հողատարածքի հարցով, ես էլ ասել եմ` բաց մրցույթ է, արի` դիմի»,- հավելեց Մրազ Միրոյանը: Հարցին, թե ինչ կապ ունի ոմն Թովմասը պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ` նշեց, որ որևէ տեղեկություն չունի:

 

Auroranews.am-ը փորձեց կապ հաստատել Ռուստամ Բաքոյանի հետ` հասկանալու, թե ի՞նչ կապ ունի վերջինս Օթևան գյուղում տեղի ունեցածի հետ և արդյո՞ք ճանաչում է ոմն Թովմաս Մարտիրոսյանին: Բաքոյանը, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց: Լրատվականներից մեկին տված մեկնաբանությունում Բաքոյանն ասել է, որ ընդհանրապես տեղյակ չէ թեմայից և առաջին անգամ է լսում: 

 

Ինչո՞ւ է մարզպետարանը չեղարկել մրցույթը և արդյո՞ք ստացվել է բողոք

 

Ստացվում է` անկախ կրակոցների հանգամնանքից մրցույթը չեղարկվելու էր, քանի որ մարզպետարանից զանգել էին համայնքապետին և ասել, որ կա օրենքի խախտում: Ավելի վաղ էլ Բրո Ֆատոյանն ասել էր, որ Թովմաս Մարտիրոսյանը մի խումբ անձանց հետ հողամասի մրցույթի մասով գրավոր բողոք է ներկայացրել Արագածոտնի մարզպետարան: 

 

Аuroranews.am-ի հարցմանն ի պատասխան Արագածոտնի մարզպետարանից ասացին, որ մրցույթը օրենքի խախտման հիմքով է չեղարկվել: Ինչպես օրենքն է սահմանում` մեկ ամիս առաջ մրցույթը պետք է հրապարակվեր «Ազդարար» թերթում: Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը նշեց, որ մարզպետարանը ժամանակին ուղարկել է մրցույթի մասին հայտարարությունը, սակայն «Ազդարար» թերթում տեղադրվել է 3 օր ուշ: Հենց այս հիմքով էլ հետաձգվել է դեկտեմբերի 26-ին նախատեսված հողատարածքի մրցույթը: 

 

Անդրադառնալով բողոքների մասին հարցին` Ավանեսյանը հաստատեց. «13  քաղաքացու կողմից բողոք-դիմում է եղել: Քաղաքացիները որպես հիմնավորում նշել են, թե հողամասի մրցույթը կազմակերպվել է առանց հանրային լսման: Մարզպետարանը դիտարկել է դիմում-բողոքը, սակայն համայնքի բնակիչների բողոքն անհիմն է, քանի որ այս դեպքում օրենքը չի նախատեսում հանրային լսման պարտադիր անցկացում»:

 

Մեր ճշգրտող հարցին, թե արդյոք բողոք ստացված անձանց թվում եղել է Թովմաս Մարտիրոսյանի և/կամ Ռուստամ Բաքոյանի անունները, ասաց`

Թովմաս Մարտիրոսյանի անունը կա, իսկ Ռուստամ Բաքոյանինը` ոչ:

 

Ի՞նչ են ասում իրավապահները

 

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Օթևան գյուղում հնչած կրակոցների մասին հաղորդում ստացել են, նյութերը կազմվել և ուղարկվել է Քննչական ծառայություն: Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության և խուլիգանության հատկանիշներով։ Նշվում է նաև, որ վարույթով բերման ենթարկվածներ առայժմ չկան:

 

Auroranews.am-ի ձեռք տակ են հայտնվել Օթևանում հնչած կրակոցներց վնասված, որպես համայնաքապետարան ծառայող տնակի, ինչպես նաև կրակված փամփուշտներից որոշների լուսանկարներ։


 

Քաղաքականություն

Պատահարներ