Հնդկական օշարակի ընդունումից հետո Ուզբեկստանում 18 երեխա է մահացել

Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հնդկական Marion Biotech ընկերության սուր շնչառական վարակների դեմ դեղամիջոցը 18 երեխայի մահվան պատճառ է դարձել՝ հաստատելով, որ փորձաքննության արդյունքներն ուղարկվել են իրավապահ մարմիններին, գրում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ շաբաթ առաջ սկսվել է հնդկական Marion Biotech ընկերության կողմից արտադրված «Դոկ-1 Մաքս» օշարակի և հաբերի փորձաքննությունը։

««Դոկ-1 Մաքս» օշարակի ընդունման հետևանքով սուր շնչառական վարակով հիվանդ 21 երեխայից 18-ը մահացել է, հավաքված փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ ներկայում հանրապետության բոլոր դեղատներում վաճառքից հանվել են այս դեղամիջոցի հաբերն ու օշարակները։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր նյութ՝ էթիլեն գլիկոլ։

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացած երեխաներին տնային պայմաններում տրվել է այս դեղը երկուսից յոթ օր, օրը երեքից չորս անգամ, ամեն ընդունմանը 2,5-5 միլիլիտր, ինչը գերազանցում է երեխաների համար նախատեսված դեղամիջոցի ստանդարտ չափաբաժինը»,- հավելել է մամուլի ծառայությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ