Ինչ եղանակով են գնվել Աննա Հակոբյանի կողմից մանկատան սաների համար գնված հեռախոսները․ Hraparak

 Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց՝ կատարվել են «տոնական հսկիչ գնումներ» վերնագրով, որտեղ նշված էր, որ այդ հսկիչ գնումների արդյունքում մի շարք կազմակերպություններ և անհատներ տուգանվել են «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքը խախտելու եւ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար:

 

 Տուգանվողների շարքում էր նաեւ «Վումենս» ակումբից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Թամարա Պետրոսյանը: Նրանք օրեր առաջ մասնակցել էին Լաչինի միջանցքի շրջափակման դեմ բողոքի ակցիային, իսկ դրանից առաջ հարսանիք վարելու համար 500 հազար դրամ կանխավճար էին ստացել եւ ՀԴՄ կտրոն չէին տրամադրել, ինչի համար էլ ՊԵԿ-ը նրանց տուգանել է 1 մլն դրամով:

 

 Hraparak.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղից երևում է, որ այցելել է Մարի Իզմիրլյանի անվ․ Մանկատուն և նվերներ է բաժանել երեխաներին:

 

Նվերներն այս անգամ եղել են թանկարժեք: Hraparak.am-ի տեղեկություններով, Աննա Հակոբյանը «Ռեդմի» մոդելի հեռախոսներ է նվիրել մանկատան սաներին:

Լրատվականի տեղեկություններով` Աննա Հակոբյանի նվիրած հեռախոսների գնումը տեղի է ունեցել «Icentre.am» խանութից՝ կանխիկ եղանակով: 

Լուրի իսկությունը Hraparak.am-ը փորձել է ճշտել տվյալ խանութից, հեռախոսազանգին պատասխանող աղջիկը հաստատել է այն լուրը, որ Հակոբյանի գրասենյակի կողմից գնվել են հեռախոսներ, իսկ մյուս հարցին՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ են եղել գնումները, պատասխանել է. «Ներողություն, բայց դա չենք կարող ասել, ներքին գաղտնիք է»:

Քաղաքականություն