Պետք է ապահովել հայերի անվտանգությունը. Ֆրանսիայի քաղաքական առաջնորդները դիմել են Մակրոնին

Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակի հայերեն թարգմանված տարբերակը հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

 

Քաղաքական առաջնորդները նշել են, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն նրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:

 

«Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանն այսպիսով կանգ չի առնելու և ցանկացած առիթ կօգտագործի իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով: Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022թ սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները, անթույլատրելի են, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն»,– ասված է նամակում:

 

Կուսակցությունների առաջնորդները հիշեցրել են, որ Ֆրանսիայի Սենատը միաձայն՝ բացառությամբ մեկ ձայնի, ապա Ազգային ժողովը միաձայն սույն նոյեմբերին ընդունեցին բանաձևեր՝ ի աջակցություն Հայաստանի, որը զոհ է մասնակի ռազմական օկուպացիայի և չդադարող հարձակումների: Այս բանաձևերը շարունակությունն էին 2020թ. նոյեմբերին ընդունած առաջին բանաձևերի, որոնք ընդունվել են նույն ձևակերպումներով հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ի պաշտպանություն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մի հողում, որտեղ նրանք ապրում են հնագույն ժամանակներից ի վեր:

 

«Ազգային ժողովի և Սենատի ժողովրդավարական կամարտահայտությանը համահունչ՝ մենք խնդրում ենք Հանրապետության նախագահին անել հնարավորը՝ ապահովելու համար Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության տևական անվտանգությունը: Այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ հրաժարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ ցանկացած միջազգային բանակցություններից, մենք՝ պատգամավորներս և սենատորներս, Ձեզ դիմում ենք անհապաղ միջամտել անուղղելին կանխելու համար»,– նշել են կուսակցությունների առաջնորդները։

 

Նրանք Մակրոնին հորդորել են ձեռնարկել հետևյալ միջոցները.

 

Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար,

Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն,

Հանդիպել Արցախի ներկայացուցիչներին,

Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ, որպեսզի նրանք նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ,

Միջնորդել Եվրոպական Միության և Ամերիկային Միացյալ Նահանգների մեր գործընկերների մոտ՝ վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովել Արցախի հետ օդային կապի անվտանգությունը,

 

- Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:

 

«Պարոն նախագահ, Դուք այսօր ի զորու եք կանխելու պատմության կրկնությունը և ուղղելու նրա անարդարություններից մեկը: Դուք կարող եք այսօր ապացուցել ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին: Պարոն նախագահ, Դուք կարող եք ապացուցել բոլոր մեր հայրենակիցներին, որ Ֆրանսիան ազատ է, որ նա կարող է ձերբազատվել քաղաքական կամ տնտեսական կարճատես ռազմավարություններից՝ պաշտպանելու համար իր հումանիստ իդեալները, որոնք մեր Ազգի հիմքն են»,– եզրափակել են ֆրանսիացի քաղաքական առաջնորդները:

 

Նամակի հեղինակներ են Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության նախագահ Էրիկ Սիոտին, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Ֆորը, Ֆրանսիայի Միավորված ժողովրդավարների և անկախների կուսակցության նախագահ, Սենատի անկախների խմբակցության նախագահ Հերվե Մարսեյը, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության և Սենատի Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկության խմբի նախագահ Բրունո Ռըտայոն, Ֆրանսիայի Սենատի Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասին, Ֆրանսիայի Սենատի Բնապահպանության, համերաշխության և տարածքային կառավարման խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական և Բնապահպանության հանրապետական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Սենատոր Պիեռ Ուզուլիան։

 

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ