Պոլիկլինիկաներում նախատեսում ենք 30 տոկոս աշխատավարձերի բարձրացում․ փոխնախարար

Պոլիկլինիկաներում աշխատանքային ժամերն ավելացնելու ենք, նաեւ ներդնելով նոր սկրինիգային ծրագրեր, նախատեսում ենք նաեւ 30 տոկոս աշխատավարձերի բարձրացում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

 

Նրա խոսքով, դա չի նախատեսում պասիվ աշխատավարձի բարձրացում, այլ հստակ աշխատանքի դիմաց է տեղի ունենալու բարձրացումը:

 

«Սկրինինգային ծրագրերից դեռ շարունակվում է շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի եւ արյան զարկերակային ճնշման սկրինինգը: Նաեւ մեկնարկել է պիլոտային ծրագիր կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, նաեւ շարունակվում է կրծքագեղծի քաղցկեղի ծրագիրը»,-ասել է նա:

 

Փոխնախարարի խոսքով, անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի բավական լավ արդյունքներ ունեն. «Ընդհանուր առմամբ 2019-ից մինչեւ այս տարվա նոյեմբերը ունենք 230 ծնունդ, որից 105-ը այս տարի: Դրանցից 28-ը զոհված զինծառայողների ծնողներն են: Ունենք նաեւ 163 հղիություն, մեր ծրագիրն ընդլայնվելու միտում ունի»:

 

Ջումայանը տեղեկացրել է, որ այս տարի ներդրվել է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի համակարգը. «Դեռեւս զուգահեռ տալիս ենք նաեւ թղթային տարբերակը, սակայն մոտ ապագայում դա էլ չի լինի: Շուտով կունենանք կցագրման մեխանիզմ, այսինքն մեզ պետք չի լինի դիմել պոլիկլինիկա, խզել պայմանագիրը կամ գնալ այլ պոլիկլինիկա նոր պայմանագիր կնքել, այլ կարելի է հավելվածի միջոցով առցանց, երբ դիմումը ներկայացնենք կցագրվելով կոնկրետ պոլիկլինիկայի, արդեն ապակցման դիմումը կգնա նախորդ պոլիկլինիկա»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ