Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է․ թուրք նախարար

Լաչինի ճանապարհի վերջին իրադարձությունները Հայաստանի անկեղծության փորձությունն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։ 

 

«Եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է, որը կարող է լինել երկու երկրների միջև։ Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է: Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին»,- ասել է թուրք նախարարը։ 

 


Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը  շարունակում է փակ մնալ։ Ադրբեջանցի «բնապահպանները» հայտարարում են, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հանքերի շահագործումն պետք է դադարեցվի:

Նախօրեին Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: 

«Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը:

Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ