«Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ»․ Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը անդրադարձել է Արցախի շարունակվող շրջափակմանը:

 

«Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է:

Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի հ 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորը ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս երեխաների համար:

Մի̉թե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաները իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:

Արցախի Հանրապետության խորհրդարանը իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ:

Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր:

Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված  փրկության դուռ կբացեն»,- գրել է Թովմասյանը։

Քաղաքականություն

Պատահարներ