ԵԱՀԿ գործող նախագահը առանձին այցեր կանցկացնի Հայաստան և Ադրբեջան

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ 

 

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վրա։

 

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխարգելման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է համապատասխան տարածաշրջանային և միջազգային կառույցների, այդ թվում ՝ ԵԱՀԿ-ի կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարը` Բույար Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին եւ մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա ազդեցության կապակցությամբ: Բույար Օսմանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են առկա խնդիրները հաղթահարելու համար, որոնց «գետնի վրա»  բախվում են մարդիկ։

 

Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։ Նա տեղեկացրել է, որ առանձին այցեր կանցկացնի Հայաստան և Ադրբեջան։

Քաղաքականություն

Պատահարներ