Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։ «Արմենպրեսին» ԱԳՆ-ից հայտնել են, որ ՄԱԿ ԱԽ-ում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով քննարկում, որի ժամանակ էլ Մարգարյանը ելույթ է ունեցել։

 

«Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման վրա` շեշտելով, որ Լաչինի միջանցքը փակ պահելով` Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն»,–գրում է կայքը։

 

Իր ելույթում Մարգարյանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։

Քաղաքականություն

Պատահարներ