Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին

Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Այս մասին Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 

«Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ»,- ասել է Միրզոյանը:

 

Ինչպես հայտնել էինք` ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս: 

 

«Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և գուցե աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է»,– ասել է ՀՀ արտգործնախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ