«Ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն». Իրանի արտգործնախարարը` Չավուշօղլուին

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

 

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․

 

«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։

 

Իրանի արտգործնախարարն էլ ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։

 

«Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»:

Քաղաքականություն

Պատահարներ