Ռազմական դրության ժամանակ ոչ թե ընդհանուր, այլ որևէ հավելվածի արգելափակում կլինի. Մինասյան

 «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի առնչությամբ մտահոգությունները հիմնավոր չեն, քանի որ շատերը կարծում են` ռազմական դրության ժամանակ միանգամից արգելափակումներ են լինելու։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

 

«Ամենևին էլ այդպես չէ։ Պարզապես գործադիրին հնարավորություն է տրվելու անհրաժեշտության դեպքում արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված կամ կոնկրետ տարածքում դրա հասանելիությունը»,–ասաց նախարարը։

 

Նա հայտնեց, որ պաշտպանական գերատեսչությունների մասնագետները պետք է ներգրավվեն նախագծի մշակման հարցում, քանի որ խոսքը ոչ թե մեդիատիրույթի մասին է, այլ պաշտպանական գերատեսչության պատկերացումների` հաշվի առնելով նախկին «դառը փորձը»։

Մինասյանի խոսքով` օրենքում փոփոխություններ են կատարում` հաշվի առնելով ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ փորձը։ Նա հավելեց, որ նախագիծն արդեն պատրաստ է, սակայն քննարկումները դեռ շարունակվում են։

 

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում։ Գերատեսչությունը դեկտեմբերին ներկայացրել է օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցմանը, ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը։

Քաղաքականություն

Պատահարներ