ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովը խոսել է Լաչինի միջանցքի մասին, պատմել, թե ինչ են ասում ադրբեջանցիները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքների ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը  Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարահի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որն արդեն մեկ ամսից ավելի փակ է ադրբեջանցիների կողմից։

«Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ երկու ուղղություններով անցուդարձի համար։
Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով ռազմական բեռ չպետք է ուղարկվի։

Ադրբեջանցիները տեղեկություն են տվել, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով, հետո այդ ականներն օգտագործվել են, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ականապատել ադրբեջանական դիրքերին հարող տարածքները։ Եվ այսպես շարունակ։ Շատ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

«Մենք շատ պարզ բան առաջարկեցինք. այն խաղաղապահ զորախումբը, որը Ռուսաստանը ուղարկեց այնտեղ, իրավասու է եռակողմ համաձայնագրով վերահսկել այս շարժումը, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ ստուգելու դրանցում արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության փաստը։

Երեկ կամ նախօրեին հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կլուծվի»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ