ՓԾ ծառայողը պետք է ներկայացնի՝ որտեղից տեղեկությունը, որ այրված զինվորները անկողնում պառկան են եղել. Խաչատրյան

 Բենզինը եղել է կացարանից բավականին հեռու, բայց բերվել է կացարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում տեղակայված զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի փաշինյանական վարկածին, որ հրդեհը բռնկվել է ավտոբենզինով կրակը թեժացնելու հետևանքով:

 

«Ավտոբենզինն օգտագործվում է այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների մեջ՝ տրակտորների գործարկման համար: Ավել բան չեմ ասի՝ նախաքննությանը չխոչընդոտելու համար, քննությունը կավարտվի, այդ ամենը հանրությանը կներկայացվի»,- նշեց Խաչատրյանը:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ՆԳՆ ՓԾ գնդապետի հրապարակած տեղեկությունը, թե 15 զինծառայողներից 14-ը եղել են իրենց անկողիններում պառկած, որևէ հիմնավորում չունի:


«ՓԾ ծառայողը համապատասխան մարմիններին պետք է ներկայացնի տվյալներ, թե որտեղի՞ց են իրեն հայտնի այդ հանգամանքները»,- նկատեց նա:

Խոսելով կացարանում տարրական պայմանների և հրդեհային անվտանգության կանոնների պահպանության բացակայության մասին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը ընդգծեց, որ անվտանգային ինչպիսի պայմաններով էլ ապահովված լիներ կացարանը, եթե 5 լիտրանոց բենզինը լցնեին վառարանի մեջ՝ կրակի վրա, անհնար կլիներ վնասներից խուսափել, այլ հարց է, որ հետևանքների առաջացման ծանրության և ծավալների մեջ կարող էին փոփոխություններ լինել:

 

«Կատարվում է քննություն, հարուցված է քրեական գործ և բոլոր պարզաբանման ենթակա հանգամանքները պարզելուց հետո մենք կհասկանանք՝ ինչ է պետք անել, ինչ պետք չէ անել»,- ասաց Խաչատրյանը:

 

Պատգամավորի կարծիքով՝ վաղ է խոսել ողբերգական հրդեհի քաղաքական պատասխանատվության մասին, քանի դեռ գործի հանգամանքները չեն պարզվել: Ինչ վերաբերում է 15 զինծառայողի մահվան համար երկրում սուգ հայտարարելուն՝ Խաչատրյանը հորդորեց այդ հարցն օրակարգ չմտցնել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ:

«Պատերազմական իրավիճակն ամեն պահի ՀՀ-ում և տարածաշրջանում կարող է լինել: Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով Կառավարությունը սգո օր չի հայտարարել: Ես վստահ եմ, որ իրենց հանգամանքները բավականին հիմնավոր են»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ