Ավելի քան 500 բեռնատար սպասում է, որ Վերին Լարսով սահմանը հատի. մաքսային կցորդ

Ավելի քան 500 բեռնատարներ Վերին Լարսի անցակետով անցել են ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից. նույնքան էլ սպասում են, որ հատեն սահմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարսի» ճանապարհը բացվել է ծանր բեռնատարների համար՝ Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքներից հետո։

 

«Փետրվարի 4-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանից Ռուսաստան է մեկնել 242 բեռնատար, ևս 210-ը սպասում է մաքսակետի մոտ։ Հակառակ ուղղությամբ դեպի Վրաստան սահմանը հատել է 322 բեռնատար, ևս 300-ը հերթում են»,–ասել է կցորդը։

 

Նրա խոսքով՝ դրանց մեջ կան նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող տրանսպորտային միջոցներ։ Այս պահին ճանապարհը բաց է։

 

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհն այժմ միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

 

Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։

 

Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։

Քաղաքականություն

Պատահարներ