Ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում. Ռուբեն Վարդանյանը հարցազույցներ է տվել իտալական և իսպանական պարբերականներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական  EL PAIS  և իտալական  La Nuova Bussola Quotidiana պարբերականներին՝  ներկայացնելով Արցախում  ստեղծված իրավիճակը:

 

«Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն  խոսքերը, որ  օդային հումանիտար  միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը. «Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:

 

«Իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա, սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,-  EL PAIS-ին հայտնել է Ռուբեն Վարդանյանը:

 

Իտալական La Nuova Bussola Quotidiana  պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը  հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետախարարը» խորագրով, նախաբանում գրում  է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝  ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։

 

Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է.

 

 «Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։

 

Քաղաքականություն

Պատահարներ