Փորձագետը նշել է` Թուրքիայի երկրաշարժը կարո՞ղ է ազդել Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա

Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել:

 

«Թուրքական ցանցի  վերջին ճշգրտումներով երկրաշարժի մագնիտուդը 7,8 է եղել:  Համեմատելու համար նշեմ, որ Սպիտակի երկրաշարժը եղել է 7,0: Երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդի դեպքում 10 բալից ավելի է՝ մոտ 11 բալ: Եթե հաշվի առնենք, որ  խորությունը մասնագետները գնահատում են 7-ից 10 կիլոմետր, ուրեմն ավերածությունների մասշտաբը շատ մեծ կլինի: Երկրաշարժը որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ:  Հետևանքները շատ ծանր կլինեն Թուրքիայի և Սիրիայի համար թե մարդկային, թե  նյութական կորուստների տեսակետից: Զոհերի թիվը հայտնում են դուրս բերված դիերի քանակով: Ես համոզված եմ, որ այդ թիվը շատ մեծ կլինի: Զոհեր կան նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մինչև Հալեպ ընկած տարածքներում»,- ասաց սեյսմոլոգը:

 

Սեյսմոլոգն ընդգծել է, որ  Հայաստանը այս երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է: «Այս տեսակետից ես համոզված եմ, որ Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա»:

 

Այնուհետև անդրադարձել է տարածվող խոսակցություններին, որ հնարավոր է՝ ամեն տարի նույն օրը երկրաշարժ լինի, Նազարեթյանն ասել է, որ երկրաշարժերի պարբերականության մասին խոսելը սխալ է:

Քաղաքականություն

Պատահարներ