ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարը պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստացել է, որ խնդիրներ կունենա իրենց հետ

Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ։ Քաղաքացի Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաև թմրամիջոց։

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու համար 4 անձի մեղադրանք է ներկայացվել, նրանցից մեկը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կալանավորված քաղաքացին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն է, որը նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ղեկավարել։

 

«2022թ.–ի սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր, անգամ կազմակերպել է պարտապանի և Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստացել է, որ խնդիրներ կունենա իրենց հետ: Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 դրամ գումարը ստանալուն»,– ասված է հաղորդագրությունում։

 

Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով հանդիպել է գործարանի երկու աշխատակցի և պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը և առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:

Պարզվել է նաև, որ 2022 թ.–ի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, Ա.Ք.–ն խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ, որի նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի և վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած` այսպես կոչված «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին և խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ լուծել վերջինիս գումարային վեճը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ