Սիրիայում հայտարարել են, որ երկրի դեմ պատժամիջոցները խանգարում են երկրաշարժի հետեւանքների վերացմանը

Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները դժվարացնում են երկրաշարժի հետեւանքների վերացումը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։  Այս մասին գրում է ТАСС-ը:

 

«Սիրիացիները, բախվելով երկրաշարժին, ստիպված են ձեռքերով մաքրել փլատակները, նրանք օգտվում են ամենապարզ գործիքներից, ... քանի որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով անհրաժեշտ տեխնիկան նրանց հասանելի չէ»,- նշվում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

 

Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ պաշտոնյաների այն պնդումները, թե երկրի դեմ սահմանափակումները չեն խանգարում մարդասիրական օգնության տրամադրմանը։ «Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են միջազգային հանրությանը մոլորեցնելու իրենց փորձերը՝ հայտարարելով, որ «Կեսարի օրենքը» և պատժամիջոցները չեն խոչընդոտում սիրիացի ժողովրդին հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը», - ընդգծել է նախարարությունը։

 

Ինչպես նշել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը Al-Mayadeen հեռուստաալիքի եթերում, երկրի դեմ պատժամիջոցներն ավելի են խորացնում երկրին պատուհասած աղետը։

 

«Պատժամիջոցները միայն խորացնում են աղետը»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ Սիրիան «դժվար պայմաններում է գտնվում ահաբեկչության և նրան աջակցողների դեմ պայքարում»։

 

Միքդադի խոսքով՝ սիրիական կառավարությունն ամեն ջանք գործադրում է աղետի հետեւանքները վերացնելու եւ տուժածներին աջակցելու համար, սակայն օգնության կարիք ունի։ Այդ կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք փրկարարներ և մարդասիրական պարագաներ են ուղարկել Սիրիա, ինչպես նաև դիմել է եվրոպական երկրներին՝ կոչ անելով օգնություն ուղարկել նաև Դամասկոս։ Բացի այդ, նա մատնանշել է սիրիական կառավարության պատրաստակամությունը՝ թույլ տալ հումանիտար մատակարարումներ Սիրիայի բոլոր շրջաններ՝ պայմանով, որ դրանք չհայտնվեն ահաբեկիչների ձեռքում։

Քաղաքականություն

Պատահարներ