Ըստ հրդեհից զոհվածների ծնողների՝ զինվորները տիրապետել են որոշակի ինֆորմացիայի և լիկվիդացվել․ փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը, ով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցում բռնկված հրդեհից զոհվածների ծնողներից 13-ի լիազոր ներկայացուցիչը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ տուժողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել սեփական հետաքննությունը։

 

«Վարույթ իրականացնող մարմնի հետ տառացիորեն երեկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ փետրվարի 10-ից սկսվելու են տուժողների հարցաքննությունները։ Որպես տուժողների պաշտոնական ներկայացուցիչ այսօր կամ վաղը գրավոր դիմում եմ գրելու Պաշտպանության նախարարին և զինվորական դատախազին՝ պահանջելով, որ միասին կամ առանձին հանդիպում ունենան տուժողների հետ և ներկայացնեն համապատսխան հաշվետվություններ և պարզաբանումներ»,- ասել է նա։

 

Նորիկյանը ներկայացրել է տուժողների ընդհանուր գնահատականը՝ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

 

«Համոզում կա, որ այս ողբերգությունը ԶՈՒ-ում կադրային սխալ քաղաքականության, ռազմավարական ու հայեցակարգային մտածողության բացակայության, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության պահանման, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության բացակայության, անտերության հետևանք է։ Այն պետք է հասարակության համար դառնա համբերության վերջին կաթիլը, մեր բանակը պետք է դադարի դառնալ մահվան բանակ։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին։ Մտահոգություն ունենք, որ ծածկադմփոց անելու փորձ է լինելու, ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ արդեն կենդանի չեն եղել կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ է հետապնդում»,- ասել է Նորիկյանը։

 

Փաստաբանն ասել է․

«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան  կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ»,- ասել է նա։

 

Փաստաբանը նշել է, որ ծնողները հիմքեր ունեն չվստահելու պաշտոնական վարկածին, իսկ այդ հիմքերը տվել է դեպքից անմիջապես հետո որոշ շրջանակների կողմից դրսևորած հրապարակային ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը։

Քաղաքականություն

Պատահարներ