«Մալաթիա» տոնավաճառը չի բացվել․ տնօրենն ասել է, թե ինչ աշխատանքներ են տարվում
«Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆոյի»-ի հետ զրույցում ասել է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները:
«Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են: Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»,- նշել է նա։
Ավետիսյանը հավելել է, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել արդեն փակված տոնավաճառի դիմաց։