«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան

Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իրանցի քաղաքական վերլուծաբան Էհսան Մովախեդիանի հետ հարցազրույցում ընդգծել է Իրանի դերը տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ 

 

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն Ռուսաստանի սերտ համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ այս երկու երկրների հայատյացության քաղաքական ֆոնին, էապես փոխում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով, Արցախը դառնում է տարածաշրջանում կարևոր գործոն և, լինելով անգամ չճանաչված պետություն, շարունակում է ազդել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Ուստի Ստեփանակերտը պատրաստ է խաղաղ համակեցության նպատակով համատեղ միջոցառումներ քննարկել առաջին հերթին տարածաշրջանի երկրների հետ։ Զրույցի ընթացքում Վարդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետության գործողություններն ուղղված են ռուսական խաղաղապահ ուժերի դեմ և կապված են Ադրբեջանում ակտիվ հակառուսական քարոզչության հետ։


«Կարծում եմ, որ Բաքուն մտադիր է պաշտոնապես կանխել ռուսական խաղաղապահ առաքելության շարունակությունը տարածաշրջանում 2025 թվականից։ Մեզ համար կարեւոր է միջազգային հանրության համար անվտանգության երաշխիքներ հաստատելը, որպեսզի Բաքուն իրեն թույլ չտա շարունակել էթնիկ զտումների քաղաքականությունը։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւմուտքի ու Իրանի միջեւ առկա հակասությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան Արցախի անվտանգության ապահովման համար։ Ուստի, հուսով եմ, որ այն երկրները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրական խաղաղությամբ, այդ թվում՝ մեր բարեկամ երկիրը՝ Իրանը, կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արցախում և ողջ տարածաշրջանում այս հարցը երկար ժամանակ ապահովվի»,- նշել է Վարդանյանը։

 

Վարդանյանը նշել է, որ Իլհամ Ալիեւի անպատժելիությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Նա սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլեւ տարածքային պահանջներ է հայտնում Իրանին։ Պետնախարարը հավելել է, որ միջազգային հանրությունը նույնպես ունի քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ կանխելու ճգնաժամի սրումը։


Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայկական հողերի օկուպացումից հետո Իրանը անվտանգության խնդիրների առաջ է կանգնել։ Ուստի Իրանը պետք է քաղաքական ներգրավվածություն և կայունացնող դեր ունենա՝ կանխելու անվտանգության խնդիրների սրումը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

 

«Ուզում եմ հիշել նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքերը պատերազմի ժամանակ, ով ասում էր, որ Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը պետք է պահպանվի։ Ուստի վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն կխաղա իր դերը տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի արդարացի շահերի պահպանումը»,- հավելել է Վարդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ