ՆԱՏՕ-ն իրեն չի համարում ՌԴ-ի դեմ հակամարտության մասնակից, սակայն կշարունակի մատակարարումները Կիևին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն իրեն Ռուսաստանի դեմ հակամարտության մասնակից չի համարում, բայց Կիևին Է մատակարարում ավելի ու ավելի բարդ տեխնիկա և սպառազինություն և կշարունակի մատակարարել։

 

 Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։

 

«Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հակամարտության մաս չեն: Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որը պաշտպանում է իրեն: Նա իրավունք ունի պաշտպանելու իրեն, և մենք իրավունք ունենք օգնելու Ուկրաինային: Ուստի ՆԱՏՕ-ն և դաշնակիցները հակամարտություն մաս չեն, բայց մենք աջակցում ենք Ուկրաինային», -  Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ТАСС-ն։

 

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի՝ «փոխվել են մատակարարվող զենքի տեսակները, ինչպես նաև պատերազմի ընթացքը»։

«Սկզբում կարևոր էր տրամադրել թեթև հակատանկային զինատեսակներ, այնուհետև՝ կատարելագործված հրետանային համակարգեր, այնուհետև ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են կատարելագործված հակաօդային պաշտպանության համակարգեր,  իսկ այժմ՝ ծանր սպառազինություն», - հավելել Է նա։

 

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ռազմական հակամարտությունն սկսվել է «ոչ թե 2022 թվականի փետրվարին, այլ 2014 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներն օգնություն են ցուցաբերել Ուկրաինային»։

 

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ տանկերը, հետևակի մարտական ​​մեքենաներն ու ռազմամթերքն այժմ ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն են Ուկրաինային մատակարարումների հարցում. ինքնաթիռների հարցն ամենահրատապը չէ, բայց քննարկումը շարունակվում է։

 

«Ինքնաթիռների թեման ներկայում հրատապ չէ: Մենք խորհրդակցում ենք համակարգերի տեսակների շուրջ, որոնք պետք է մատակարարվեն Ուկրաինային», - ասել է նա՝ ընդգծելով, որ այժմ առաջնահերթությունը տանկերի, հետևակի մարտական ​​մեքենաների և ռազմամթերքի մատակարարումն է Ուկրաինային։

 

«Այժմ հրատապ անհրաժեշտությունն այն է, որ մատակարարվի այն, ինչն արդեն խոստացվել է: Եվ դա կլինի առաջնահերթ թեման այսօրվա հանդիպմանը», - ասել Է նա:

Քաղաքականություն

Պատահարներ