Աշխատանքից ազատվելու դեպքում էլ անձը որոշ ժամանակ կշարունակի օգտվել առողջապահական ապահովագրության համակարգից. Ավանեսյան

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ աշխատանքից ազատվելու դեպքում էլ անձը շարունակելու է որոշակի ժամանակահատված օգտվել առողջապահական ապահովագրության համակարգից։  
Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Երբ որ մարդը աշխատանքը կորցնի, նրա ապահովագրական փաթեթը շարունակվելու է գործել որոշակի ժամկետով։ Աշխատանքային քննարկման ընթացքում դիտարկում ենք 3-6 ամիս։ Այսինքն՝ մարդը վճարել է ապահովագրական համակարգի համար, եղել է աշխատող քաղաքացի, բայց աշխատանքի ընթացքում դուրս է եկել կամ ազատվել է աշխատանքից, նա պետք է որոշակի ժամանակ դեռ շարունակի մնալ համակարգում»,- նշեց նա։ 

Ըստ նախարարի՝ ուսանողները ապահովագրավճարի դիմաց ևս կընդգրկվեն փաթեթում։ Նրանց մասով պետության որոշակի սուբսիդավորումը դեռ պետք է հաշվարկվի։ 

Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նախնական գնահատականներով՝ քաղաքացին մեկ հետազոտության և միջին ծախսով վիրահատության համար վճարում է գրեթե կրկնակի, քան լինելու է նրա ապահովագրավճարի գումարը։ 

Քաղաքականություն

Պատահարներ