Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

 

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։

 

 

Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

 

 Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 35 418-ի:

 

Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

 

 ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

 

 

Քաղաքականություն