Ի՞նչու Թուրքիային ավելի շատ օգնություն տրամադրվեց, քան Սիրիային․ Փամբուխչյանը պատասխանում է

Երկրաշարժի հետևանքով Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն է ուղարկվել` հաշվի առնելով առնելով երկրների կարիքները։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Սիրիային ՀՀ–ն 30 և 25 

տոննա օգնություն ուղարկվել, իսկ Թուրքիա ուղարկած միայն առաջին օգնությունը 100 տոննա էր։

 

«Օգնությունն ուղարկվել է ըստ նշված կարիքների. երկու երկրներին ընդհանուր 180 տոննա բեռ է ուղարկվել»,–ասել է Փամբուխչյանը։

 

Նա չի հայտնել, թե երեկ Թուրքիա հասած բեռը մոտ քանի տոննա է եղել։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 158 մլն դրամ։

 

Փամբուխչյանը նշել է, որ երկու երկրներ ուղարկված հայ փրկարարներն ավարտել են իրենց աշխատանքները։

 

Իսկ հարցին, թե որևէ ակնկալիք ունե՞ն Թուրքիայից, որ մարդասիրական օգնություններից հետո կփոխի ՀՀ–ի նկատմամբ վերաբերմունքը` նա պատասխանել է, թե ՀՀ–ն իր մարդասիրական գործառույթներն է անում, մնացածի մասով ոչինչ ասել չի կարող։

 

Մեկ այլ հարցի, թե ԱԻՆ–ի միջոցով արդյո՞ք շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն ուղարկել են` Փամբուխչյանը պատասխանել է, որ ոչ։ Նա, սակայն, հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։

 

Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։

 

Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։

 

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։

Քաղաքականություն

Պատահարներ