Մոսկվան արտաքսում է Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի

 Մոսկվան որպես պատասխան միջոց Ռուսաստանից արտաքսում է Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 


Փետրվարի 16-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Ավստրիայի դեսպան Վերներ Ալմհոֆերը, որին վճռական բողոք է ներկայացվել «պաշտոնական Վիեննայի կողմից Ավստրիայում ռուսական արտասահմանյան հաստատությունների 4 աշխատակցի անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ սադրիչ հայտարարությունների առթիվ»։ 
Նախարարությունն Ավստրիայի կողմից ռուս աշխատակիցների արտաքսումը համարել է ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված քայլ, որը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ճգնաժամի մեջ են ավստրիական կողմի գործողությունների պատճառով։ Վնաս է հասցվում նաև Վիեննայի միջազգային հեղինակությանը, որն ավելի վաղ իրեն ներկայացրել էր որպես անկողմնակալ, չեզոք պետություն և միջազգային դիվանագիտության հարթակ։ 
 

«Որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանի Դաշնությունում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան 4 աշխատակից հայտարարվել է persona non grata։ Նրանք պետք է լքեն երկրի տարածքը մինչև փետրվարի 23-ի օրվա ավարտը։ Դեսպանին համապատասխան նոտա է հանձնվել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։ 


Դեսպանի ուշադրությունը հրավիրվել է նաև բազմակողմ միջոցառումներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնող ռուսական պաշտոնական պատվիրակությունների համար վիզաների ձևակերպման հետ կապված դժվարություններին։ Հաղորդագրությունում ասվում է, որ դա հակասում է Ավստրիայի` որպես միջազգային հանդիպումների անցկացման վայրի պարտավորություններին։

Քաղաքականություն

Պատահարներ