Ադրբեջանցիներին զանգվածաբար արգելում են մուտք գործել Դուբայ

Վերջին օրերին Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ բախվել են աննախադեպ երևույթի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, հղում անելով իրենց երկրի արտաքին գործերի նախարարությանը և միգրացիոն ծառայությանը, հրաժարվում է ադրբեջանցիներին մուտքի վիզա տրամադրել։ Այս մասին հայտնում  են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

Ավելին, Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ հանկարծակի հայտնվել են ԱՄԷ միգրացիոն ծառայության «սև ցուցակում»՝ ցմահ արգելք ստանալով Էմիրությունների տարածք մուտք գործելու համար։

 

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` նախորդ գիշեր Դուբայի օդանավակայանում բերման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացի, գործարար Հայամ Իլհամ օղլու Սաֆարլին։  Ձերբակալությունից մի քանի րոպե առաջ Սաֆարլին հասցրել է Instagram-ի իր էջում գրառում թողնել.  «Ինչո՞ւ են Ադրբեջանի քաղաքացիներին արտաքսում Դուբայից.  Ի՞նչ է կատարվում»։

 

Նշվում է, որ Սաֆարլին ձերբակալվել է առանց պատճառի, իսկ նրա աշխատանքային վիզան չեղյալ է հայտարարվել։  Ըստ տեղեկությունների՝ նմանատիպ միջոցներ են ձեռնարկվում ԱՄԷ-ում աշխատող Ադրբեջանի այլ քաղաքացիների նկատմամբ։  

 

ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանատանը Azeri Daily-ին հայտնել են, որ այդ երկրի դիվանագիտական ​​առաքելությունը համապատասխան նոտա է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությանը՝ Սաֆարլիի գործով տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

 

Ադրբեջանում բազմաթիվ տուրիստական ​​ընկերությունների ղեկավարներ մտահոգությամբ են հետևում ներկա իրավիճակին՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերություններում առաջին անգամ են բախվում նման վիզային ճգնաժամի։

 

«Սովորաբար դեսպանատունը վիզաները տալիս է մի քանի ժամվա ընթացքում։  Եվ հիմա մեր քաղաքացիների բոլոր անունները ներառվել են «սեւ ցուցակում»։  Մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում», - ասել է ադրբեջանական զբոսաշրջության ոլորտի ղեկավարներից մեկը:

Քաղաքականություն

Պատահարներ