«ԵՄ-ն 27 մլն եվրո է հատկացրել հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժածներին աջակցելու համար». Բորել

 ԵՄ արտաքին  քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ԵԽ հույն պատգամավոր Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի բացման, ԵՄ դիտորդական առաքելության և բանակցությունների վերաբերյալ հարցերին։ 

 

Բորելը, մասնավորապես, պատասխանել է. «ԵՄ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով 2022թ. հավաքագրել է 3.6 մլն եվրո՝ մարդասիրական աջակցության համար։ Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), որը միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը կարող է գործել Լաչինի միջանցքում։

 

Հակամարտության սրացումից ի վեր ԵՄ-ն տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանն աջակցելու համար»։  

 

Բորելն ասել է. «2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Լաչինի միջանցքի երկայնքով և ուսումնասիրում դրանց մարդասիրական հետևանքները: ԵՄ-ն լրջորեն անհանգստացած է տեղաշարժի և շարժման ազատության շարունակական սահմանափակումներով, որի հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ։

Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Բորելը, որին աջակցում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, շարունակում է սերտ կապի մեջ լինել երկու կողմերի հետ։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ձեռնարկել միջոցներ իր իրավասության տիրույթում՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների»։

 

Նա նաև անդրադարձել է ՌԴ պարտավորությունները, նշելով` «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը նույնպես պատասխանատու է միջանցքի վերահսկման ու գործունեության հարցում»։

Քաղաքականություն

Պատահարներ