«Ադրբեջանը գազագողություն է կատարում՝ Արցախում վթարային իրավիճակներ ստեղծելու համար». Արցախգազ

Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախի Հանրապետության միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին: 

«Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը պարզաբանում է տվել «Արցախպրես»-ին, անդրադառնալով հարցին թե Հայաստանից Արցախը սնուցող գազատարն արգելափակելն Ադրբեջանի կողմից, ունի՞ նաև գազագողության նպատակ: 

«Գազատարի  շահագործումը  վերսկսելուց  հետո  պարզ  է  դարձել,   որ  դրա  վրա  փական  է տեղադրված   և կողմնակի  միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում: Սկսած 2022թ.  դեկտեմբերից՝ հակառակորդի  կողմից    Արցախի Հանրապետության  գազամատակարարումը  խափանվել  է  8  անգամ: 

Բացի այդ, գազամատակարարման  արգելափակումների  և  վերականգնումների   միջակայքում, մի շարք անգամ էլ  գազատարն արգելափակել են  ոչ  թե  ամբողջությամբ,  այլ` 50 տոկոսով, հետո   գազամատակարարման  ծավալը  դարձել  է  70 տոկոս,  10 տոկոս  և  այսպես  շարունակ: 

Ընդ որում նման գործողություններն իրականացվել են օրական մի  քանի  անգամ  կամ  մի  քանի  օրը  մեկ: Ընդհանուր առմամբ՝ 2022թ.  դեկտեմբերի  12-ից  մինչև  ընթացիկ տարվա   փետրվարի  13-ը  շուրջ  27 նման դեպք է գրանցվել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ համոզմունք հայտնելով, որ  Ադրբեջանի կողմից  փորձ  է արվում ստեղծել վթարային  իրավիճակներ,  որոնք  կարող  են  հանգեցնել    դժբախտ  պատահարների  և բնակչության  մեջ   վախի   մթնոլորտ  ստեղծել: 

 

Քաղաքականություն

Պատահարներ