Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 

 

ՀՀ կառավարությունը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

 

 Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:

Քաղաքականություն