ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետի և Լատվիայի նախագահ հետ. ինչ է հայտնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ:

 

Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին:

 

Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:

Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի  հետ:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: 

 

Վարչապետ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

Քաղաքականություն