Արցախում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը մեր ներքին գործն է. Ավանեսյան

Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։  Այս մասին «Արցախպրես» -ին տված մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի հայտարարություններին  Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։ 

 

«Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։ 

 

Նշենք, որ նախօրեին Մյունխենում կայացած պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի այն բանից հետո, երբ Վարդանյանը կհեռանա այնտեղից։

 

Քաղաքականություն

Պատահարներ