Հարավային Կովկասի հանդեպ միջազգային ուշադրության թուլացումը ռիսկեր է պարունակում. Փաշինյան

Միջազգային ուշադրության թուլացումը Հարավային Կովկասից իր մեջ անվտանգության ռիսկեր է պարունակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։

 

«Միջազգային հանրության ուշադրությունը, հասկանալի պատճառներով, կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Այդ ընթացքում Հարավային Կովկասի համար կարող են նոր ռիսկեր առաջանալ, դա պետք է հաշվի առնել», - հավելել է վարչապետն իր ելույթում։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներ և օրենքի գերակայության ամրապնդում է իրականացնում երկրում ՝ ակնկալելով, որ դրանք կնպաստեն կայունության ամրապնդմանը։

 

Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Նա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ խոսել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության կարևորության մասին։

 

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում արդեն հանդիպել է նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Քաղաքականություն

Պատահարներ