Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը

Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
«Եթե այդ քայլը քաղաքական արդյունքներ ունենա, լավ կլինի։ Բայց մենք առաջնորդվել ենք միայն մարդասիրական դրդապատճառներով և պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ցանկացած օգնություն ցուցաբերել, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ են տուժել»-ասել է նա։ 

Վարչապետը նշել է, որ երկրաշարժից առաջ Հայաստանն ու Թուրքիան քաղաքական երկխոսություն ունեին հատուկ ներկայացուցիչների միջոցով, այժմ հնարավորություն է ընձեռվել կոնկրետ քաղաքական լուծումների գնալ։ 

«Հայաստանը պատրաստ է առաջ գնալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Հայ-թուրքական սահմանի բացումը դրական քայլ կլինի ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային իրավիճակի համատեքստում»,–ասել է նա։ 
 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 50 հազարի: 


 

Քաղաքականություն

Պատահարներ