Խաչատուրովը ձերբակալումից հետո ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ էլ անհրաժեշտ դեղերը. փաստաբան

 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

 

«Երեկ 20։10-ի սահմաններում որպես մեղադրյալ ձերբակալվել է Խաչատուրովը։ Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում»»,–ասաց պաշտպանը։

 

Նա հայտնեց նաև, որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։

Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի հետ։

 

«Գրիգորի Խաչատուրովը ժամը 20:00-ից անազատության մեջ է եղել: Կոնկրետ դեղամիջոցներ կա, որ պետք է օգտագործի, բայց հնարավոր չեղավ փոխանցել, ոչ էլ սնունդ, այսինքն՝ ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ էլ անհրաժեշտ դեղերը: ՄԻՊ-ի գրասենյակ եմ զանգել, էական արձագանք չի եղել»,- հավելել է փաստաբանը:

 

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Խաչատուրովի ձերբակալման մասին։ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրան կալանավորելու հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ