«Սիլվայի գործով» փաստաբանները բացարկ հայտնեցին թարգմանչին

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին հերթական անգամ թարգմանիչ ներգրավվելու հարցը չի կարգավորվում։ Այս մասին հատնում է Sputnik Արմենիա-ն:

 

Այսօրվա նիստին ներկայացած թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանը, ի տարբերություն նախորդ թարգմանչի, ուներ լեզվաբանի որակավորումը հաստատող փաստաթուղթ, սակայն չուներ թարգմանչի որակավորում։ Պարզվեց նաև, որ ինքն իրեն է լիազորել որպես թարգմանիչ, քանի որ թարգմանչական գրասենյակի տնօրենը հենց ինքն է։


«Անձը որպես թարգման կարող է ներգրավվել միայն այն դեպքում, երբ որ ունի թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթեր, այլ կերպ նա չի կարող հանդես գալ որպես թարգմանիչ։ Մի բան է, որ օրինակ անձը ունի իրավաբանի որակավորում, բայց փաստաբան չի հանդիսանում, նույն կերպ թարգմանիչը... Դրանք տարբեր բաներ են, և մենք գտնում ենք, որ նա չի կարող ներգրավվել որպես թարգմանիչ»,–ասել է  Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

 

Կարճատև քննարկումից հետո Հայկ Ալումյանը բացարկ է հայտնել թարգմանչին։

 

«Որպես լեզվաբանի` մենք պատճառ չունենք որակավորումը կասկածի տակ դնելու, բայց որպես թարգմանիչ որակավորումը նրա մոտ բացակայում է։ Այնինչ քրեական դատավարության օրենսգրքի 83–րդ հոդվածով սահմանված է, որ թարգմանիչը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի որակավորում հաստատող ապացույց»,–որպես հիմնավորում նշել է Ալումյանը։

 

Մեղադրող դատախազներն իրենց հերթին խնդրեցին մերժել բացարկի միջնորդությունը։

 

Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 14։40-ին։

 

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ