«Ամոթ և մեղք»․ Թուրքիայի ՆԳ նախարարը՝ բնակարանների վարձավճարների բարձրացման մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «ամոթ և մեղք» է անվանել երկրում բնակարանների վարձավճարների կտրուկ բարձրացումը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։

 

«Վարձակալության վճարների հանկարծակի բարձրացումը առանձին չարաշահումների խնդիր է, ամոթ է, մեղք է։ Դուք այդ գումարից օգուտ չեք տեսնի»,- Սոյլուի խոսքերն է մեջբերում Aydınlık պարբերականը։

 

Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ է նկատվում, մասնավորապես, Անկարայում։ Չանքայա և Ուլուս շրջաններում տեղավորվում են երկրաշարժից տուժած քաղաքացիներ։ Կառավարությունը տուժածներին մինչև 5000 լիրա օգնություն է հատկացնում (մոտ 265 դոլար) վարձակալության համար։ Այնուամենայնիվ, այս տարածքներում բնակարանների միջին արժեքը կազմում է 8000 լիրա (424 դոլար):

 

Բնակարանները, որոնք նախկինում վարձակալության տարբեր վայրերում առաջարկվում էին 10-12 հազար լիրայով (530 դոլարից մինչև 636 դոլար), երկրաշարժից հետո դարձել են 15-18 հազար լիրա (795 դոլարից մինչև 954 դոլար):

 

Հիշեցնենք` Սիրիայի և Թուրքիայի սահմանին փետրվարի 20–ին, Երևանի ժամանակով 21.05–ին, 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։

Քաղաքականություն

Պատահարներ