«Աստված մի արասցե Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի». Լուկաշենկոն ասել է` ինչ կլինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը կպատասխանի Ուկրաինայի տարածքից ագրեսիայի դեպքում, և վստահություն է հայտնել, որ այդ դեպքում իր գործողություններին կաջակցի ողջ համաշխարհային հանրությունը, այդ թվում՝ Չինաստանը։

 

«Բայց Աստված մի արասցե Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի Ուկրաինայի տարածքից, մենք ստիպված կլինենք պատասխանել: Եվ ես վստահ եմ, որ այստեղ մենք կստանանք ողջ համաշխարհային հանրության, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը, եթե ագրեսիա իրականացվի»,- ասել է Լուկաշենկոն չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերն իր կայքում մեջբերում է բելառուսական «SB.Belarus Today» պետական ​​հրատարակությունը։

 

Լուկաշենկոն ասել է, որ Մինսկն այս դիրքորոշումը տարբեր խողովակներով փոխանցում է Ուկրաինային, ինչպես նաև արևմտյան երկրներին։ 

 

«Ես նրանց զգուշացրել եմ, որ, Աստված մի արասցե, ագրեսիա սանձազերծվի Ուկրաինայի տարածքից դեպի Բելառուսի տարածք։ Մենք կպատասխանենք, բայց դա կլինի բոլորովին այլ պատերազմ։ Այն անմիջապես կստանա այլ բնույթ»,- ասել է նա։

 

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը «լրջորեն պատրաստ է պատասխանել» անհրաժեշտության դեպքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ