ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա չափազանց կարևոր որոշում է. Փաշինյանը` միջազգային դատարանի որոշման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 23-ին, անցկացնում է  հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 25-ը չի զեկուցվում: Փաշինյանն անդրադարձավ երեկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի բավարարմանը: 

 

«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է` սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ»,–կառավարության նիստին ասաց Փաշինյանը։

 

 Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը:

 

«Միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»: 

 

Բացի այդ, ըստ Փաշինյանի, դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երկու ուղղությամբ, և այն պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։

Քաղաքականություն