Թուրքիայի հատուկ ծառայությունները սպանել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին

Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի հյուսիսում սպանել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպչին։ Տեղեկությունը փոխանցում է Anadolu գործակալությունը։

 

Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) Սիրիայի հյուսիսում իրականացրել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ահաբեկչությունը ծրագրած և ակտիվ մասնակցություն ունեցած ահաբեկիչ Հալիլ Մենջիին վերացնելու գործողությունները

Թուրքիայի հատուկ ծառայությունների վարկածի համաձայն՝ Մենջին ուղղորդել է ահաբեկչության երկու մասնակիցներին՝ Ահլամ Ալբաշիր Սալեհին և Բիլալ Հասանին, ընդ որում վերջինիս նրա օգնությամբ հաջողվել է արտերկիր փախչել։

 

«MİT-ի տվյալներով՝ Հալիլ Մենջին սպանվել է 2023 թվականի փետրվարի 22-ին Ղամիշլիի շրջանում», - փոխանցում է գործակալությունը։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, 6 մարդ էր մահացել, 81 մարդ տուժել էր։

 

Ահաբեկչության մեջ կասկածյալը ձերբակալվել էր, կինը խոստովանել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ իր կապը։ 

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ կասկածներ ունեն, թե ահաբեկչություն իրականացնելու վերաբերյալ հրաման է ստացվել սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքից, ահաբեկչությունն իրականացնող անձն էլ Թուրքիայի տարածք է մտել Աֆրին քաղաքով։

  •  

Քաղաքականություն

Պատահարներ