«Պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել». Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI-ին

Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել RTVI-ին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

 

-Պարոն Վարդանյան, որո՞նք էին Ձեր պաշտոնանկության պատճառները:

 

- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված, քան ինձ:

 

-Ի՞նչ են իրենցից ներկայացնում այն ընդհանուր կարմիր գծերը, որոնց մասին խոսում էիք նախագահի հետ:

 

-Նախագահը հայտարարեց, որ Արցախի անկախության ու ինքնուրույնության խաթարմանը վերաբերող ամեն ինչ անընդունելի է իր և ողջ ժողովրդի համար: Այս իմաստով մեզ մոտ կարմիր գծերը համընկնում են: Եվ սա կարևոր է այն առումով, որ վերջին ամիսներին ավելի հստակ ու պարզ դարձավ, որ կան բաներ, որոնք իսկապես անընդունելի են ողջ արցախահայության, ոչ թե միայն Ռուբեն Վարդանյանի համար:

 

 -Դուք մնում են պաշտոնանկությունից հետո, ի՞նչ դերում եք Ձեզ հիմա տեսնում:

 

- Ես Արցախ տեղափոխվելու մասին հայտարարեցի ավելի վաղ, քան պետական պաշտոն ստանձնելը: Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը: Մենք ունենք նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից մինչև ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է:

 

 -Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան առաջիկա տարիներին.

 

-Այս տարվա փետրվարին լրացավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարի 35 տարին: Այդ 35 տարիների ընթացքը շատ տարբեր ու բարդ է եղել: Բայց ամենակարևոր բանը չի փոխվել: 1988թ. փետրվարի 20-ին արցախահայությունը քվեարկել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու օգտին, և նրանց այդ դիրքորոշումը չի փոխվել: 

Նրանք պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այդ ճանապարհը շատ երկար է, կարող է և տասնյակ տարիներ շարունակվել, բայց գլխավոր նպատակը չի փոխվել ու չի փոխվելու: Մինչև այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:

 

 -Հնարավոր համարո՞ւմ եք վերադարձը քաղաքական գործունեության, թե՞ դա արդեն անցած էտապ է: 

 

-Երբ պետությունը շրջափակման մեջ է, երբ չկա լույս, գազ, տարրական դեղորայք և այլ բաներ, դա արդեն քաղաքականության մասին չէ, դա արդեն հայրենիքը փրկելու մասին է: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն, պարզապես ամեն օր քո գործով փորձում ես օգնել մարդկանց՝ երեխաների, տարեցների: Այդ առումով ես իմ պաշտոնը ոչ մի կերպ որպես քաղաքական չեմ ընկալել:

Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: Ուստի ես չունեմ զգացողություն, որ մտել էի քաղաքականություն: 

Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում: 

Ես մեծ պատասխանատվություն էի վերցրել: Ես դրանից չեմ վախենում և պատրաստ եմ հետագայում էլ պատասխանատվություն վերցնել, դա այդպես է: Եվ համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ:

Քաղաքականություն