Արցախի նախագահի խոսնակը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին

Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը: Այս մասին ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում։

 

«Մեր տվյալներով այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ասել է Ավանեսյանը:

 

Խոսնակը հաստատել է, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել վերականգնել Հայաստանից Արցախ ամբողջական գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

 

«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ: Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասել է խոսնակը։

Քաղաքականություն

Պատահարներ