ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցիները մի տեղից ցանկանում էին «լեռնային» բառը հանել, մյուսից` «հայը». ընդունվել է բանաձև

Քիշնևում կայացած «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովին է մասնակցել Ազգային ժողովի պատվիրակությունը:  Ընդունվել է բանաձև, որը կոչ է անում հրատապ լուծել հումանիտար այնպիսի չկարգավորված հարցեր, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ը: 

 

Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է վերաձևակերպել նախնական բանաձևը հայկական կողմի համար անընդունելի տարբերակով: 

 

 «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արման Եղոյանն ասաց.

 

«Ադրբեջանցիները մի տեղից ցանկանում էին Լեռնային բառը հանել, մյուսից Հայ բառն էին ցանկանում հանել: Բացատրեցինք, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան էլ, որ մի բան էլ երկու կողմին նման կոչ արվի»:


Բանաձևն ընդունվել է նախնական տեսքով: Ըստ Արթուր Խաչատրյանի` բանաձևը հայկական օրակարգի շահերից չէր բխում: 


«Ասել, որ ընդունվեց մեր երազանքների բանաձևը՝ ոչ, ասել, որ ընդունվեց աշխարհի ամենավատ բանաձևը, դարձյալ՝ ոչ, որովհետև այնտեղ ռազմագերիների վերաբերյալ խնդիր կար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մասին խնդիր կար»,- ասել է պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

Մանրամասները`  տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ