Այս պահին չկա դատական ակտ, որով Ադրբեջանից կպահանջվի վերադարձնել հայ ռազմագերիներին. Սիրանուշ Սահակյան

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում որպես պատանդ են պահվում քաղաքական պահանջների բավարարման համար։ 

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

 

«Եթե քաղաքական բնույթի հարցերում տեղի է ունենում հարաբերությունների սրում, այդ ժամանակ հայրենադարձման հարցն առկախվում է, և փաստացի տեղաշարժեր չեն լինում։ Դա վերահաստատում է այն մոտեցումը, որ գերիները պահվում են որպես պատանդներ քաղաքական պահանջների բավարարման համար, և քանի դեռ չկա այդ պահանջների բավարարման մասով առաջընթաց, Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլ չի իրականացվում։ Ռազմագերիների առանձին խմբերի վերադարձը սովորաբար հաջորդել է որոշակի զիջումներին, ինչը հավելյալ հավաստում է այն իրողության, որ մենք գործ ունենք քաղաքական առևտրի հետ, և ռազմագերիների խնդիրը միջազգային մարդասիրական օրակարգում դրված չէ»,– ասաց Սահակյանը։

 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցին կարող է անդրադառնալ վերջնական վճռի մեջ և այս փուլում բացառապես անվտանգային միջոցներ է ձեռնարկում նրանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև երաշխավորում է Կարմիր խաչի միջազգաին կոմիտեի անխափան գործունեությունը և նրա միջոցով ընտանիքների հետ կապը»,– ասաց իրավապաշտպանը։

 

Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Քաղաքականություն