Արցախի շրջափակման պատճառով ադրբեջանցիները ջրի դեֆիցիտ կունենան. Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողատարածք բավարար քանակությամբ ջուր չի ստանա: 

 

«Արցախի շրջափակման հետևանքով Սարսանգի ջրամբարի մոտ 600 մլն խմ տարողությամբ ջրային ռեսուրսները կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լրջագույն ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային ռեսուրսներ չեն լինի», – ընդգծել է Բեգլարյանը: 

 

Նրա խոսքով՝ դա կանդրադառնա Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գերանբոյի, Եվլախի և Աղջաբադի շրջանների հողերին։ Պետնախարարի խորհրդականը հիշեցրել է, որ Բաքուն, հունվարի 9-ին դադարեցնելով Հայաստանից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը, միտումնավոր հրահրում է էներգետիկ ճգնաժամ։ 

 

«Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր ՀԷԿ – ի աշխատանքի համար մենք արտադրել ենք ավելի շատ՝ 50 մեգավատ հզորությամբ ջրային ռեսուրսներ, քան դրանք մտնում են Սարսանգ», – նշել է նա։ 

 

Բեգլարյանը իրավիճակը կրիտիկական է համարել. «Ադրբեջանի այդ շրջանների բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց իշխանությունների և ինքնահռչակ կեղծ ակտիվիստների պատճառով այս տարի չեն ունենա բավարար քանակությամբ ոռոգման ջուր և կզրկվեն սնունդ և եկամուտ ստանալու այդ կարևոր հնարավորությունից» ,- ընդգծել է պետնախարարի խորհրդականը: 

 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի և Բաքվի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել վնասված ցանցի վերանորոգման և առաջիկա օրերին Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման մասին, հիշեցրել է Բեգլարյանը: 

 

«Պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքան շուտ վերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, այնքան ավելի շատ ոռոգման ջուր կունենան ադրբեջանցի հողագործները սեզոնին», – եզրափակել է պետնախարարի խորհրդականը: 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Մինչ օրս Լաչինի միջանցքը փակ է։ 

Քաղաքականություն

Պատահարներ