ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ՀՀ-ում ունեցել ենք նախագահ, որը եղել է տգետ. Վահագն Ալեքսանյան

«Շատ դժվար է, երբ նվազագույն իրավական գիտելիքների չտիրապետելը վնասում է մեր արդյունավետ քննարկմանը»,-«Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացնելիս հայտնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ակնարկելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի և Արփինե Դավոյանի ելույթները:

 

Մինասյանը հակադարձեց Արփինե Դավոյանին՝ ասելով, որ իր խոսքում բացարձակ մանիպուլյատիվ դրսևորում չկար և հստակ հարցադրումներ է արել:

ՔՊ-ական կին պատգամավորը իր ելույթում հայտարարել էր, թե Մինասյանը մի քանի անգամ անդրադառնում է Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության թույլտվության մերժման հիմքերին, ինչը մանիպուլյացիա է:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավորը փաստեց, որ նախկինում մշտապես խոսել է այդ մասին՝ երբ եղել են հիմքեր պատգամավորներին պետական գաղտնիքին հասանելիության իրավունքից զրկելու համար, բայց այն երբևէ չի կիրառվել, հետևաբար այդ դրույթի իմաստը միայն ճնշումներ գործելու համար է:

 

«Այս ամբիոնից  ելնել, վիրավորել հանրապետության նախագահներին՝ ասելով, թե հայերեն չգիտեն, այն չգիտեն։ Լավ, դուք գիտեք հայերեն, բայց եթե նվազագույն իրավական գիտելիքների չեք տիրապետում՝ այս հասկացությունների համադրման շուրջ ինչպե՞ս կարող ենք արդյունավետ քննարկում իրականացնել»,-ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին անդրադարձել է Արծվիկ Մինասյանը:

Մինչ այդ Ալեքսանյանը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասել էր. «Պետական պաշտոններ զբաղեցնելու» մասին օրենքը պետք  է խստացվի, որոշակի դրույթներ ավելացվեն: Օրենքում հստակ գրված է, որ պետական պաշտոնյան պարտավոր է տիրապետել հայերենին, բայց մենք ՀՀ-ում ունեցել ենք նախագահ, որը եղել է տգետ, հայերեն լզվին չի տիրապետել, այդ մարդը ինքը դրա մասին խոստովանել է բազմիցս՝ ջարդված հայերենով: Էս վերջերս էլ երկու բառաից բաղկացած բառակապակցություն էր գրել, մեջը 4 ուղղագրական սխալ էր արել»:

 

Հայտնելով, որ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի 3-4 նիստերում փորձել են արդյունավետ աշխատանք իրականացնել, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ հենց հանձնաժողովում հայտարարել են, որ կա սկզբունքային անհամաձայնություն հացերի շուրջ:

«Հետևաբար, կա՞ այստեղ որևէ մանիպուլյացիա, ինչո՞ւ եք աղավաղում, ինչո՞ւ եք այլանդակում այն քննարկումը, որն իսկապես լավ սկիզբ է եղել, ինչո՞ւ եք կտրում այդ թելը և՝ այն արդեն որերրոդ դեպքն է»,-ասել է Մինասյանը և հորդորեց օրենքը հետ տանել՝ շեշտելով, որ համոզված չէ թե ՔՊ-ի մեծամասնությունն ականջալուր կլինի իր կոչին:

Քաղաքականություն

Պատահարներ